Հայկական Ասեղնագործություն

Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա
Արվեստի պատմության և տեսության ամբիոն
Պողոսյան Գայանե
Մագիստրարուրա
Երևան 2014

Featured image         Նախաբան

Հայկական ասեղնագործությունը ժողովրդական ստեղծագործության հին և հարուստ բնագավառներից մեկն է: Դա ծագել է նախնադարյան հասարակությունում, երբ մարդիկ սկսել են օգտագործել ասեղի նախնական տեսակները և ապա ասեղը: Առօրյա աշ-խատանքների ընթացքում մարդիկ աստիճանաբար սովորել են նաև այդ գործիքների օգնությամբ կատարել զարդեր՝ հիմք դնելով ասեղնագործության արվեստին: Պեղումների շնորհիվ հայտնաբերված զարդարված ասեղնագործ հագուստի տեսակները և նաև այլ իրեր վկայում են,որ ասեղնագործությունը հին աշխարհի սիրած զբաղմունքներից մեկն է եղել: Շատ հին ժամանակներից ասեղնագործությունը եղել է նաև հայ ժողովրդի ու հատկապես հայ կնոջ սիրած զբաղմունքներից մեկը: Հայ պատմիչների երկերում պահպանված են վկայություններ հայկական զարգացած ասեղնագործության մասին: Միջին դարերից պահպանվել ու մեզ են հասել ոչ միայն հիշատակություններ, այլև ասեղնագործության որոշ նմուշներ: Մատենադարանում պահպանվել են հին ասեղնագործության փոքրաթիվ, բայց շատ ուշագրավ նմուշներ: Դրանց մի մասը, որպես կազմի պարագա փակցված են կազմի ներքին կողմի վրա, բայց կան նաև ձեռագրեր փաթաթելու համար պատրաստված ասեղնագործ քսակներ կամ շապիկներ:

Բազմաբովանդակ, բազմաճյուղ ասեղնագործ արվեստը արտահայտչական հարուստ հնարավորություններ ունի: Գործվածքների տարբեր տեսակների վրա կատարված ասեղնակարերը ստեղծում են բազմատեսակ բանվածքներ: Հարուստ և ուշագրավ են զարդանկարները: Դարերի խորքից եկող նախշերին միացել են ժողովրդի նոր ստեղծած զարդաձևերը, որոնք բազմերանգ թելերով ավելի խոսուն ու շքեղ են դարձնում ասեղնագործությունը: Երանգների առատությունը, գունային մեղմությունն ու խորությունը հատկանշական են հայկական ձեռագործությանը:

Հայկական ասեղնագործ արվեստն իր ամբողջ հարստությամբ և պատկերագրության ներքին բովանդակությամբ նմանություն ունի ճարտարապետական կառույցների, խաչքարերի,գերեզմանաքարերի զարդաքանդակների, ինչպես նաև որմնանկարչութ-յան և մանրանկարչության զարդանկարային կառուցվածքի և գունային լուծման հետ:

Ասեղնագործ զարդարանքների որոշ տեսակներ յուրովի մոտենում են ոսկերչության արծաթագործության արվեստին,մասնավորապես զուգաթելի տեխնիկայի կիրառմամբ (ֆիլիգրան, թելկար): Հնուց կապեր ունենալով ուրարտական, ասորեստանյան, բաբելական, եգիպտական, իրանական, հնդկական և այլ մշակույթների հետ հայ ժողովուրդը զարգացրել է իր մշակույթը՝ աչքի ընկնելով նաև ասեղնագործությամբ: Միջնադարյան մի շարք քաղաքներ՝ ինչպիսիք են Դվինը, Անին, Տիգրանակերտը, Վանը, Երզնկան, Կարինը, Կիլիկյան քաղաքները հռչակված են եղել իրենց գեղարվեստական բարձրորակ արտադրանքով:

Ազգային միասնական ոճի,ասեղնակարերի կատարման տեսակների, զարդանկար-ների ձևի ու բովանդակության միաձույլ ամբողջականության հետ գոյություն են ունեցել նաև տարբեր բնակավայրերի, քաղաքների առանձնահատուկ ասեղնագործ զարդարանքներ: Ուշագրավ են նաև հայկական եկեղացական հագուստի և վարագույրների ասեղնագործություններն իրենց բարդ պատկերագրությամբ և ընծայական հիշատակություններով: Տարբեր ժամանակներում մշակված տառատեսակները և դրանց ասեղնագործական բազմազան եղանակները հայ գրերի պատմության զարգացման մեջ մի ինքնուրույն էջ են կազմում: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ ժամանակին Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում լույս են տեսել ասեղնագործ հատուկ տետրեր, ուր հայկական այբուբենը ներկայացված է գեղարվեստական բազմազան ձևավորումներով:

  • Ասեղնակարերի տեսակները

Հայկական ասեղնագործ արվեստի մեջ հանդիպում են երկրաչափական,բուսական, կենդանական, ճարտարապետական,ինչպես նաև երկնային մարմինների ֆանտաստիկ ձևերի պարզ ու բարդ բովանդակություն ունեցող զարդանկարներ, պատկերագրություններ: Խաչքարերի, գորգերի և ասեղնագործ զարդարանքների նմանությունները հաճախ ընդգրկում են ամբողջ մակերեսի զարդանկարի կառուցվածքը: Եկեղեցական ասեղնագործությունները թե՝ պատկերագրությամբ և թե՝ գունային լուծմամբ մեծ նմանություն ունեն մանրանկարչության հետ: Պահպանելով հայ լուսավորչական կրոնի կանոնները,դրանք արտահայտում են միասնական առանձնահատուկ ոճ: Դարերի խորքից գալով,ասեղնագործական նախշերը մշակվել են և ստացել են կատար-յալ ձևեր:Բուսական նկարազարդումները երբեմն բնական ձևերով,երբեմն ոճավոր-ված,երկրաչափական նախշերի հետ կրկնվելով ռիթմիկ շարքերով կենդանի շարժում են ստեղծում:Փոխելով նախշի գծերը, ժողովրդական ստեղծագործողը կառուցում է նույն զարդանկարի բազմաթիվ տարատեսակներ, ինչպիսին կարելի է տեսնել Սյունիքի, Վասպուրականի, Շիրակի, Կարինի, Կիլիկիայի ստեղծագործություններում: Միասնություն տարբերության մեջ. սա  է արվեստի հայկական ոճի կարևոր առանձ-նահատկությունը: Հայկական բնաշխարհի հարստությունը պատկերող ծաղիկ-տերևը, մրգերը, ոսկեհատ հասկերը, թռչունները կենսախինդ արևով են ողողում ամեն մի ասեղնագործ զարդարանք:

Հայկական ասեղնագործության մեջ հանդիպում են բազմաթիվ ասեղնակարեր: Դրանց մի մասը տարածված է եղել բոլոր հայաբնակ վայրերում, իսկ մյուս մասը տեղական բնույթ է կրել և զարգացել որոշ  վայրերում միայն, ինչպես՝ Սասունի, Մուշի, Մարաշի, Վանի, Այնթապի ասեղնագործությունները:

Ասեղնակարերը,ասեղնաթելը հասարակ կարից մինչև բարդ զարդակարերը անցել են երկար ճանապարհ: Մեր նախնիները հասարակ շուլալ կարով սքանչելի զարդարանք-ներ են ստեղծել, ինչպես դա վկայում են Մատենադարանի ասեղնագործ պատառիկները:

Ուղիղ գծով անցնում են մի քանի տեսակ կարերը: Տարածված են շղթայակարը, օղակարը, շյուղակարը, վրակար-կողքակարը, խաչմերուկ կարը՝տարածված գեղջկական բանվածքներում, որի մի տեսակով միացնում են կտորի երկու մասերը:

Թելքաշերն այն կարերն են,երբ կտորից թելեր են քաշում հանում և տեղն այլ թելով նոր նախշեր անում:

Գոյություն ունեն հարթակարերի բազմաթիվ տեսակներ,օրինակ լիցք են կոչվում այն կարերը, որոնք կտորի մակերեսը լցնում են նախշերով:

Համրովի հարթակարի ժամանակ գործող թելը նախշի մակերեսը ծածկում է կտորի թելերի հաշվով:

Օրինակ Այնթապի ճերմակ ասեղնագործությունների մեջ նախշերը արվում են թելքաշով, համրովի ու գծային հարթակարով:

Մարաշի ասեղնագործության հարթակարը կոչվում է կոթ-ասեղ,երբ կարի կութերը անհավասար են և կտորի վրա նկարված նախշը ծածկում են գլխավորապես կտորի վրայից: Գործող թելով ասեղը կտորից միայն մի քանի թել է վերցնում: Ավելի բարդ է Մարաշի հյուսված կարը:

Վանի-Վասպուրականի կարը տարածվել է Մերձավոր արևելքում, հասել մինչև Կիլիկիա, Կոստանդնուպոլիս, Ղրիմ և այլուր:Վանի կարը տեխնիկապես մնալով նույնը, շնորհիվ տարբեր թելերի գործածության,տարբեր տեսք է ընդունել: Վանի կարի ժամանակ կիրառվում է թեթև, երբեմն թափանցիկ կտավ,որպեսզի հնարավոր լինի հաշվել կտորի թելերը: Գործող թելը՝ գլխավորապես մետաքսաթելը, հորիզոնական ծածկում է կտորի երեք թելը, հետո թեք բարձրանում երեք թելի վրա,նորից երեք թել հորիզոնական,երեք թել թեք առաջացնելով ցանցկեն նախշ,որի վրայով հատուկ տեղերով ոսկեթել է անցնում: Ճկուն ոսկեթելը կարող է կարվել մետաքսաթելի նման, անցնելով կտորի երեսի և տակի մասով: Հաճախ կտորի հաստ լինելու դեպքում,ոսկեթելը դրվում է կտորի վրա և վուշյա, մետաքսյա թելերով ամուր կարվում կտորին:  Ամենահին ոսկեթել ասեղնագործություններում ամրացնող թելի կարով, մանր կութերով վրայից տարբեր նախշեր են արվել:

Վերադիր են կոչվում այն կարերը, երբ մեծ կտորների վրա այլ կտորներից նախշեր են արվում:

Հայկական ասեղնագործությունները երբեմն հիշեցնում են նախշազարդ կերպասի կամ ոսկերչական նրբագույն գործեր:

Հին կարերը հին նախշերի հետ միասին հայկական ազգային տարազի մեջ կենդանի մնացին մինչև  20-րդ դարի առաջին քառորդը:

  • Վան-Վասպուրականի ասեղնագործությունը

Վանը հայկական կիրառական արվեստի միակ կենտրոներից է եղել, ուր պահպանվել են ժողովրդական ասեղնագործության հազարամյա ավանդույթներն ու վարպետությունը: Պատմիչների նկարագրոիթյուններից հայտնի է,  որ գոհարներով, մարգարիտներով ասեղնագործված են եղել թագավորական և իշխանական հագուստները, ծածկոցները, թամբերը և այլ իրեր: Առհասարակ հայկական տարազի մեջ Վասպուրականի և Սասունի տղամարդկանց ասեղնագործ հագուստը ամենահինն է: 19-20-րդ դարերի Վան-Վասպուրականի ասեղնագործ դպրոցի առանձնահատկություններն արտա-հայտված են կանանց և տղամարդկանց տարազի և կենցաղային իրերի մեջ: Դրանք են ասեղնագործ շալն ու շալվարը, քյազախիկաբան, գդակ-արախչիները, գուլպաները, կանացի հագուստի սրտանոց-կրծկալը, գոգնոցմեզարը, լաչակչամբարը, ծամթելը, սփռոցը, սրբիչները, ծածկոցները, վարագույրները և այլ իրեր: Հին զարդանկարները, դրանց տեղադրման եղանակը,հատուկ ոլորքի բրդյա թելերի յոթ գույները բնորոշ են Վասպուրականի ասեղնագործությանը: Գույզգույն յոթ գույնի բրդյա թելերի հյուսվածքները կատարվել են երկրաչափական զարդանկարների ու գույների հատուկ հաջորդականությամբ:

Վանը հարուստ է եղել ասեղնակարերով,օրինակ հայտնի Վանի կարը: Վանը հայտնի է եղել ժանյակի բոլոր տեսակներով:Նուրբ ու աննման ասեղնագործ ժանյակների մեջ կենդանի են մնացել հատկապես կոսմոգենիկ,բուսական և երկրաչափական հնագույն զարդամոտիվներ:

  • Շիրակ-Կարինի ասեղնագործությունը

Հայկական ասեղնագործության պահպանված աշխարհիկ բնույթի ամենահին նմուշները 10-13-րդ դարերից են: Դրանցից են Անի քաղաքի պեղումների արդյունքում հայտնաբերված Հոնենց Տիգրանի փոքրիկ բարեկամուհու դամբարանի մետաքսյա հագուստը, բանված ոսկեթելերով,ինչպես նաև գլխի ծածկոցները և այլ պատառիկներ: Հագուստի թևքի եզրերը և այլ մասերը ասեղնագործված են եղել ոսկեթել երկրաչափական բարդ զարդանկարներով,իսկ գլխի տակ փռված ճերմակ կտորի վրա կարմիր մետաքսյա թելի շարակարով վարպետորեն ասեղնագործված են ոճավորված մի շարք ճախրող թռչունների պատկերներ: Անի քաղաքի հին ձեռագործների գլուխգործոցն է սև նուրբ շղարշի վրա ոսկեթելով ասեղնագործված առյուծի և կորյունի պատկերը՝ ոճավորված ծառի հենքի վրա:

Անիի ասեղնագործության մեջ գերակշռում են բարդ կարերը: Գաղթի տարիներին այս շրջանների բնակչության մեծ մասը փրկվելով տեղափոխվեց Անդրկովկաս,սակայն շարունակեց զբաղվել կիրառական արվեստի բազմաթիվ ճյուղերով,այդ թվում՝ասեղնագործությամբ: 19-րդ դարում Ալեքսանդրապոլում, Ախալցխայում և Թիֆլիսում գործում էին ոսկեթել ասեղնագործության մի շարք արհեստանոցներ:

  • Սյունիքի ասեղնագործությունը

Լեռնային Հայաստանի՝ Զանգեզուրի, Սիսիանի, Գորիսի, Ղափանի շրջաններն են ընդգրկված Սյունիքի ասեղնագործության դպրոցում: Ըստ հիշատակություն ասեղնագործությունը բավական զարգացած է եղել Սյունիքում: Սյունիքից պահպանված ամենահին ասեղնագործ զարդարանքը 17-րդ դարի է: Սյունիքի հին ասեղնագործությունները կատարվել են աշխատատար կարերով, մետաքսաթելերով, ոսկեթելով՝ ընդելուզված մարգարիտներով ու գոհարներով: 19-20-րդ դարերի ասեղնագործությունները նա-խորդ դարերի փայլը չունեն,սակայն հետաքրքրություն են ներկայացնում կարատե-սակներով և զարդանկարներով: Սյունիքի կանացի հագուստը հարուստ չէ ասեղնագործությամբ: Ասեղնագործվել է վարտիքի եզրը՝ փողքակապը, շապիկի կուրծքը, ոսկե-թելով ասեղնագործվել են գլխի թագը, ճակատակապը: Սյունիքում նախշազարդ ասեղ-նագործվել են սրբիչները, վարագույրները, սփռոցները բազմատեսակ զարդանկարներով: Սյունիքում տարածված են հնուց եկող վերադիր կոչվող կարերը, երեխայի հաբգենգրպանները, պղինձբռնիչները, սանրամանները, ձիու ծածկոցները, բոխչաները: Հաճախ տուտկապ կոչվող բոխչաները կարված են եղել խճանկարայաին ասեղնագործությամբ նաև տարբեր գույնի կտորներից կազմված նախշերով: Տարածված են եղել կենաց ծառի, Տ տառաձևի, զանազան խաչաձևերի նկարներ: Մինչև 20-րդ դարի առաջին քառորդը դեռևս գոյություն ունեին գունավոր թելերից գործված ցանցաձև գդալամանները, որոնց հյուսվածքի հատման կետերը ասեղնագործվում էին:

  • Արարատյան ասեղնագործություն

Արարատյան ասեղնագործությունները շքեղ են,հյուսված ոսկեթելերով, փայլուններով, մարգարտով և ուլունքներով: 20-րդ դարի տեղական գեղջկական տարազը համարյա զուրկ է ասեղնագործությունից: Արարատյան ասեղնագործ դպրոցը ամենահարուստն է եկեղեցական զարդարանքներով:

  • Մարաշի ասեղնագործություն

Կիլիկյան Հայաստանի քաղաքներից Մարաշը՝ Գերմանիկը,իր հարակից բնակավայ-րերով նշանավոր է իր ասեղնագործությամբ: Երկու խմբի են բաժանվում Մարաշին բնորոշ ասեղնագործ աշխատանքները: Առաջինը հարթակարն է (Զեյթունի կար կամ կոթ ասեղ, աթլասլամա), երկրորդը գաղտնակարն է, հյուսած կար որ կոչվում է նաև իրկա: Այս երկրորդն է, որ շատ բնորոշ է Մարաշին: Ասեղնագործության համար նախատեսված կտորը կոչվել է էպէնէզէր:

Մարաշի ասեղնագործության հետաքրքիր տիպ են ներկայացնում հյուսած կարով ասեղնագործված ռոմբավոր գորգերն ու սփռոցները: Հատկապես ամենատպավորիչներից են հարթակար աթլասլամա գորգերը,որոնք ունեն գունային և կառուցվածքային մեծ արտահայտչականություն: Հարթակար սփռոցների դեպքում ևս հաճախ են հանդիպում կանոնավոր եզրանախշերը, կենտրոնում խոշոր արևի խորհրդանիշներ և վարդյակներ, չորս անկյուններում քառորդ կլոր, լուսնաձև մոտիվներ ու աստղիկներ:

Զարդանախշերում հաճախ հանդիպող Տ նշանը չափազանց կարևոր է մշակութաբանական տեսակետից: Վիշապի կամ օձի ամենապարզ ձևը հիշեցնող այս նշանը Մարաշի ասեղնագործության մեջ օժտված է նաև թևիկներով: Վիշապը հանդես է գալիս որպես կենաց ծառի պահապան և նրանցով է ձևավորվում զարդապատկերները:

Այսօր գերակշիռ մեծամասնությամբ «մարաշի գործը» իր երկու ձևերով կատարում են թավիշի լավագույն տեսակների վրա: Մինչդեռ Մարաշում մինչև 20-րդ դարի 40-50-ական թթ. աշխատել են տեղական,կամ ներմուծված բամբակե կտորի վրա,որը կոչվել է խասա: Բամբակե թելը, որով ասեղնագործվել է նախշը հարթակարի դեպքում եղել է փափուկ, թույլ ոլորքի,իսկ հյուսած կտորի դեպքում՝բարակ և լավ ոլորված: Պատահում են հարթակար աշխատանքներ,որոնց մեջ օգտագործվել են և բամբակե և բրդե թելեր: Ենթադրվում է, որ նաև օգտագործվել են մետաքսե և ոսկե թելեր: Աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ էր ընտրել հորինվածքը և գծագրել կտորի վրա: Գծողը հաճախ առանձին վարպետ էր և նրա գործիքը եղեգնյա գրիչն էր՝ շեղակի կտրված ծայրով: Նախօրոք պատրաստված փայտի վրա փորագրված կաղապարի միջոցով նախշը տպվում էր կերպասի վրա: Եթե նախատեսվում էր աշխատել մուգ գույնի մակերեսի վրա՝ կաղապարը թաթախվում էր օսլայի մեջ և ապա ամուր սեղմվում կերպասի երեսին: Բաց գույնի մակերեսի դեպքում՝ կաղապարը թաթախվում էր կապույտ լեղականերկի մեջ:

  • Ուրֆայի ասեղնագործություն

Հայաստանի ազգային պատկերասրահում են պահվում Ուրֆայի հայ կանանց ասեղնագործության երկու ալբոմ,որը հանձնվել է ուրֆայեցի Սաթենիկ Բեզիկյանի կողմից, ով ամուսնու հետ 1947թ. ներգաղթել էր Խորհրդային Հայաստան: Ուրֆա քաղաքը պատմության մեջ հայտնի է նաև Եդեսիա անունով: Ուրֆայի զարդամոտիվներում գերիշխում են տերևազարդ ծաղիկներ, պարզեցված և ոճավորված: Գույները մեղմ են, հաճախ զուգակցված ոսկեթել բանվածքով: Ուրֆայի հայ կանանց ասեղնագործական արվեստը հետաքրքիր է նաև այն ընդհանրություններով, որ ունեն հայկական ավան-դական կիրառական արվեստի այլ ճյուղերը:

  • Թբիլիսիի հայկական ասեղնագործությունը

Թբիլիսին հայ արվեստի համար շատ յուրահատուկ օջախ է, ուր հնուց ի վեր զարգացել են հայ ժողովրդի արհեստները: Հայ ասեղնագործուհիները պատրաստում էին կենցաղային զարդարանքներ՝ ճակատակալ,ժանյակ, կրծկալ և այլն: Մինչև 20-րդ դարի առաջին քառորդը հայկական կուսանոցի աղջիկները զբաղվում էին ոսկեթել, մետաքսաթել ասեղնագործությամբ: Առանձնապես գեղեցիկ և աշխատատար էին սպիտակ կտորի վրա սպիտակ թելով կատարված հարթակարերը և թելքաշը, նման Վանի, Այնթապի հայկական զարդարանքներին: Թբիլիսիում բնակվող հայ ասեղնագործուհիների թիվը չափազանց մեծ է եղել, որոնց մի մասը մասնագիտացած էր թանկարժեք սպիտակեղենի ասեղնագործության մեջ, մյուս մասը ճակատակապի, իսկ մի մասն էլ վարագույրների, սփռոցների, բարձերի և այլն: 19-րդ դարի վերջին և 20-րդի սկզբին Թբիլիսիի ասեղնագործությունը հասել էր բարձր կատարելության:

  • Եզրակացություն

Այսպիսով հայ ժողովուրդը հին դարերից մինչ օրս փայլում է ձեռքի աշխատանքով: Երկար դարերի ընթացքում անցնելով աննկարագրելի դժվարությունների, ողբերգական իրավիճակների միջով, հայ ժողովուրդը ոչ միայն պահպանել է, այլև զարգացրել է ժողովրդական ստեղծագործությունների ավանդույթը իր վարպետ սերունդների միջոցով: Ասեղնագործական բազմերանգ ու բարձրարվեստ գործերը հիմնականում ստեղծվել են կանանց շնորհիվ: Փոքրիկ պատառիկներց մինչև ամենածավալուն զարդարանքները հագեցված են հայ ասեղնագործ վարպետների շնորհքով և իմաստուն հմտությամբ:

Օգտագործված գրականություն

  • Ս.Դավթյան, Հայկական ասեղնագործություն, Երևան,1972
  • Ա.Պատրիկ, Ուրհայի ասեղնագործությունը, Երևան,1985
  • Մարաշի ասեղնագործություն, Հալեպ, 2010
  • Ս.Դավթյան, Հայկական ասեղնագործության մի հին նմուշ,Երևան, 1956
  • Ս.Դավթյան, Մատենադարանի հ.6774 ձեռագրի ասեղնագործ շապիկը, Երևան,1958
  • Ա.Մարաբյան, Ասեղնագործություն, Երևան,1985
  • Ֆ.Գրիգորյան, Հայկական ազգային տարազ,Երևան, 2011
  • Ս.Գարամյան, Ձեռագործ աշխատանքների հորինվածքներ,Երևան,2005

Оставьте комментарий

Filed under ՀԱՅ ԱՐՎԵՍՏ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s