Ջովանի Բատիստա Տիեպոլո

 

ԵՐԵՎԱՆԻ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼԱՍԱՐԱՆ
Գեղարվեստի ֆակուլտետ
Կերպարվեստի պատմություն և տեսություն
III կուրս
ՌԵՖԵՐԱՏ
Առարկա` Արտասահմանյան արվեստի պատմություն
Թեմա` Ջովանի Բատիստա Տիեպոլո (1696-1770)
Դասախոս` Զառա Մալոյան
Ուսանողուհի` Ելենա Եսայան
Երևան 2011

18-րդ դարը բանականության դար է, ամենակործան կասկածամտության և հեգնանք-ծաղրի դար: Գեղանկարչության, գծանկարչության, գրականության և թատրոնի, գեղարվեստական երկերի հերոսներ դարձան <<փոքր մարդիկ>>, որոնք, ինչպես և բոլորը, գտնվում էին դարաշրջանի սովորական պայմաններում. չէին շփացել ուղևորություններից, արտոնություններից և բավարարվում էին համեստ երջանկությամբ:

Այս դարի արվեստն անցել է երկու փուլ: Առաջին փուլը շարունակվեց մինչև 1740-1760 թվականները: Այն բնութագրվում է ուշ շրջանի բարոկկո ոճի ձևերը ռոկոկո ոճի կերպափոխմամբ: Այս փուլի արվեստի առանձնահատկությունը սրամիտ և ծաղրական կասկածամտության ու նրբինության զուգորդման մեջ էր: Երկրորդ փուլը կապված է գաղափարական հակասությունների խորացման, բուրժուազիայի և ժողովրդական զանգվածների ինքնագիտակցության, քաղաքական ակտիվության աճի հետ:

18-րդ դարի իտալական արվեստում առանձնահատուկ տեղ էր գրավում գեղանկարչության վենետիկյան դպրոցը` ասպարեզ հանելով մի շարք մեծագույն նկարիչների, որոնք շարունակում էին բարոկկո ոճի, մասամբ նաև Վերածննդի գեղազարդիչների բարձր վարպետության ավանդույթները: Ինչպես նշեցինք, այդ ժամանակաշրջանում  Իտալիայում բարոկկոյի արվեստը հետզհետե մարում էր, սակայն շարունակում է ծաղկել այդ ժամանակաշրջանի խոշորագույն գծանկարիչ, գեղանկարիչ, դեկորատիվ  գեղանկարչության հիանալի վարպետ Ջովանի Բատիստա Տիեպոլոյի արվեստը: Ծնվել է 1696 թվականին, Վենեցիայում, կապիտան Դոմինիկո Տիեպոլոյի բազմանդամ ընտանիքում: Հայրը վաղաժամ մահանում է` կնոջ ուսերին թողնելով վեց երեխաների դաստիարակության ծանր հոգսը:

Պատանեկության տարիներին Տիեպոլոն սովորել է վենետիկյան գեղանկարիչ Գրեգորի Լազարինիի արվեստանոցում, սակայն արվեստագետները նշում են, որ առավել մեծ ազդեցություն նա կրել է Սեբաստիանո Ռիչչիի, Պաուլո Վեռոնեզեի և Ջովանի Բատիստա Պիացետտայի արվեստներից:

18 տարեկանում ընդունվել է նկարիչների միություն: Նա դասվում էր այն հանճարների շարքը, որոնք աշխատում էին ոչ միայն իրենց քաղաքում, այլև ուրիշ վայրերում: Մեծ մասամբ աշխատել է Վենեցիայում, ինչպես նաև Միլանում, Մադրիդում, Գերմանիայում և այլուր: Տիեպոլոյին են պատկանում մեծ թվով հաստոցային նկարներ, զոհասեղանի (բեմի) ձևեր, հոյաշուք-գեղազարդային  համակառույցների որմնանկարներ: Նրա ստեղծագործություններով էին զարդարվում ռուս մեծահարուստների պալատները:

Սուր դիտունակությունը, մտքի ու զգայության նուրբ կուլտուրան են բնորոշ 18-րդ դարի բոլոր գեղարվեստական ժանրերին: Նկարիչները ձգտում էին բազմերանգ գույներով պատկերել առօրյա կյանքի իրավիճակներ, յուրօրինակ անհատական կերպարներ, ձգտում էին կերպավորել հետաքրքրաշարժ պատմություններ, մոգական տեսարաններ և բախումային գործողություններ: Այդ նկարիչների թվին էր պատկանում նաև Տիեպոլոն:

Տիեպոլոյի վաղ ստեղծագործական փուլին հատուկ է անհանգիստ բնավորության ֆորմաներ, մուգ գույներ, կոնտրաստային լուսաստվեր, բայց նույնիսկ նրանցում արդեն զգացվում է պատկերավորությունը: Նրա մեծ, բազմաֆիգուր աշխատանքները, որոնք ունեն բարդ կոմպոզիցիա, հագեցած են դիցաբանական ֆանտաստիկ թեմաներով, որոնք շատ տիպիկ էին բարոկկո ոճին:

19 տարեկան հասակում Տիեպոլոն կատարեց իր առաջին գեղանկարչական պատվերը`<<Աբրահամի զոհաբերուհությունը>>:

1716 թվականին քսանամյա նկարիչը ունենում է առաջին մեծ հաջողությունը` ցուցադրելով իր աշխատանքը Սկուոլե դի Սան-Ռոկկոյում: Այդ նկարը ժամանակակիցները անվանել են <<Սուզվող Փարավոնը>>:

Իսկ ահա 1717 թվականին երիտասարդ նկարիչը հեռանում է իր ուսուցչի` Պիացետտայի արվեստանոցից:

1719 թվականին նա ամուսնանում է Մարի Չեչիլի Գվարդիի` հայտնի գեղանկարիչներ  Ֆրանչեսկո և Ջովանի Անտոնիոների քրոջ հետ, ով էլ նրան երկու որդի է պարգևում` Դոմինիկո և Լորենցո Տիեպոլոներին, որոնք հետագայում ևս դարձան հայտնի նկարիչներ:

1720-ական թվականների կեսերին Տիեպոլոն ստեղծում է տասը մեծանկար պանոններ (առաստաղի կամ պատերի քանդակազարդ կամ նկարազարդ մեծ մակերես), անտիկ թեմաներով պատմություններ` վենետիկյան Դիոնիսիո Դոլֆինայի առանձնատան համար: Տիեպոլան ալեգորիկ ֆորմայով մեծարում է հերոսային պատմությունները, որոնք քաջություն էին մարմնավորում: Դրանք մեծ դեր ունեին Վենետիկի պատմության մեջ: Մեծ ֆիգուրները պատկերված են ճարտարապետական վեհաշուք ֆոնի վրա: Կոմպոզիցիայում ընդգծված են կարևորագույն կերպարների շարժումները, որոնք մեծ վրձնահարվածներով են արված և էքսպրեսիա են տալիս կոմպոզիցիային և գեղանկարչական մեծանկարներին (պանոններին):

Որպես օրինակ նկարչի վաղ շրջանի աշխատանքներից կարելի է նշել վենետիկյան Դել Սկացիի եկեղեցու որմնանկարները` <<Սուրբ Թերեզայի կյանքը>>, որտեղ Տիեպոլոն առաջին անգամ ներմուծել է տարածական-դեկորատիվ կոմպոզիցիաները, ինչպես նաև մի շարք հաստոցային աշխատանքներ` դիցաբանական թեմաներով: Նրան լիովին համապատասխանում են այն խոսքերը, որոնք 1731 թվականին ասել էր իր առաջին կենսագիր Վինչենցո դա Կանալոմը. <<Տիեպոլոյի գեղանկարչական մանիերան համարձակ է և արագ, իսկ բնավորությանը հատուկ է ոգեշնչվածությունն ու կրակը>>:

Տիեպոլոյի վաղ հասունացած վարպետության մասին են վկայում 1725 թվականին ստեղծված տասը դեկորատիվ պանոնները(առաստաղի կամ պատերի քանդակազարդ կամ նկարազարդ մեծ մակերես)` վենետիկյան Դոլֆինո Պատրիցիի դղյակը զարդարելու համար: Նրանց բնորոշ են հերոսական սյուժեների ուժեղ և արտահայտված փոխանցումները, ֆիգուրների պլաստիկ, կենսական և համոզիչ մեկնաբանությունները, տարածական  գեղանկարչական հեռանկարը` կառուցված գունագեղ և վառ կոնտրաստների և լուսաստվերային էֆեկտների վրա:

1725 թվականից հետո, երբ նա ստանում է հրավեր` նկարազարդելու գլխավոր տաճարն ու Ուդինայի արքեպիսկոպոսի նստավայրը (1726-1728), Տիեպոլոն ամբողջությամբ ձերբազատվում է Պիացետտայի ազդեցությունից և գտնում է իր սեփական գեղանկարչական ոճը: Դղյակի որմնանկարների աստվածաշնչյան թեմաների մեկնաբանությունները շատ սրամիտ և համարձակ են: Իր կերպարները կրում են Վերածննդի դարաշրջանի զգեստներ և ապրում են արևի շողերով ողողված իտալական բնանկարներում: Այս որմնանկարներին բնորոշ են թեթև նրբագեղությունը, հեքիաթի և իրականության խառնուրդը: Այստեղ պատկերված է հրեշտակ , որը լուր է բերում Սառային` նրա հղիության մասին:  Արքեպիսկոպոսի պալատի նկարազարդումը բավականին լուսավոր, հագեցած գույներով է, և խնջույքային ու յուրահատուկ ձև է պարունակում: Ռախելի որմնանկարները, հրեշտակները և Սառան, որոնք վերցված են աստվածաշնչից, կարմիր հագուստներով են: Նրանք հիշեցնում են Իտալիայի հեքիաթի` <<Ֆյամբի>> հերոսներին: Կերպարները ներկայացված են զգացմունքայնությամբ, ինչը պարզ արտահայտված է նրանց դեմքի արտահայտություններում:

Տիեպոլոյի հեղինակությունը այդ շրջանում այնքան է բարձրանում, որ նա պատվերներ էր ստանում անգամ Վենետիկի սահմաններից դուրս: Հաջորդող տարիներին որմնանկարների խոշոր պատվերների ժամանակ նրան օգնում էին իր երկու որդիները` Ջովանի Դոմինիկոն և Լորենցոն, ինչպես նաև Մենգուլզիի Կոլոննան, ով վարպետորեն կատարում էր ճարտարապետական կոմպոզիցիաները: Այս աշխատանքներից կարելի է առանձնացնել Միլանի Պալացո Առկինտոյի  և Վենետիկի Սանտա Մարիա դել Ռոզարիո եկեղեցիների որմնանկարները:

1735-1750-ական թվականներին Տիեպոլոյի ստեղծագործությունները ձեռք են բերում ազատություն և արտահայտչականություն, ոճը կտրուկ փոխվում է, մուգ տոները վերանում են ` իրենց տեղը զիջելով մեծ, բազմերանգ գուներանգին: Դեկորատիվ ոճի լավագույն օրինակ կարող է հանդիսանալ Միլանի Կլերիչի Պալացոյի որմնանկարները (1740):

Վենետիկի Սանտա Ալվիզյե եկեղեցու  համար նկարիչը նկարում է երեք հսկայական նկար. <<Քրիստոսի չարչարանքները>>, <<Փշե պսակով թագադրումը>>, <<Խաչի կրումը>>:

<<Խաչի կրումը>> նկարում կարծես սար է պատկերված, որի վրա դրված են խաչերը: Պատկերված է նաև մի մեծ խաչ, որի տակ Քրիստոսն է` կարմիր հագուստով:Նա հուսահատ է, քանի որ խաչը ծանր է և չի կարողանում բարձրացնել: Աջ կողմում Վերոնիկան է, նա տանջվում է Հիսուսի տառապանքների համար: Շրջվել է, որպեսզի չմասնակցի դրամատիկ սցենարին: Ձախ կողմում պատկերված էին հանցագործները, որոնց, ինչպես Քրիստոսին, տանում էին խաչելության: Կոմպոզիցիայի կենտրոնում` Հիսուսի խաչի մեջտեղում, ինչպես հանդիսատես, կանգնած են Հիսուսի աշակերտները, կույս Մարիամը և Մարիամ Մագդալենացին: Նրանց կերպարները լույսի մեջ են և պարզ երևում են ընդհանուր ֆոնի վրա:

Նույն շրջանին է վերագրվում դիցաբանական թեմաներով կատարված  դեկորատիվ չորս պանոնների շարքը: Այս նկարներից ամենահայտնին կոչվում է <<Ամֆիտրիտեի  հաղթարշավը>> (մոտ 1740թ.): Այստեղ բաց կապույտ պարզ երկնքի ֆոնում թռչում էին սիրո աստվածությունները` ամուրները: Նկարը դիտելիս շնչառությունդ կարծես բացվում է, նրանից ասես տարածվում է ծովի թարմ օդը, որի վրայով իր լուսարձակ խեցե կառքով սլանում է Ամֆիտրիտեյը` շրջապատված ջրահարսներով, տրիտոններով և ամուրներով: Մեղմ օրորվում են կանաչ ալիքները, բաց կապտավում երկնքում լողում են ճերմակ ամպերը` առաջացնելով թեթև ծալքեր և ջրաձիերի ուրվագծեր, արևի արծաթագույն շողերը առատորեն պարուրում են աստվածուհու մերկ մարմինն ու մարգարտե խեցին: Ամֆիտրիտեի լուսարձակ շքերթը սլանում է ինչպես տեսիլք: Այստեղ ծովի տարերքի իրական կերպարը, որտեղ խոնավ օդն ու սլացող քամին  ներծծված են արևի շողերով և ջրի մանր կաթիլներով, խորհրդանշում են կեղծ կյանքի հմայքը:

Շատ յուրահատուկ գունային համադրություն ունի <<Սուրբ Մարիամի տնակի տեղափոխումը Լորետտո>> (1740-1743) նկարը: Այն գտնվում է Վենեցիայում, Ակադեմիայի պատկերասրահում` վենետիկյան եկեղեցու` Սանտա Մարիա դել Սկալցի համար: Այստեղ պատկերված են նուրբ սպիտակ ամպեր` կապույտ երկնքի մեջ, հրեշտակների և սրբերի թեթև ֆիգուրներ և Մարիամը: Այս աշխատանքը հանդիսանում է նկարչի 1740-ական թվականների արվեստի գլուխգործոցը:

Նկարչի ժամանակակիցներից մեկը գրել է. <<… այն, ինչը մեզ ապշեցնում է Տիեպոլոյի ձեռագրում- դա անսպասելի է. Ֆանտազիայի հաճույք, չկրկնվող պատկերացումներ և հատկապես շարժում, կյանքով լի պատմություններ, որն էլ այդ գեղանկարչությանը տալիս է անհամեմատելի հիացմունք, ուրախություն և նկարելու հաճույք, ինչին նկարիչը տրվում է ինքը և որով գրավում է դիտողին>>:

Ժամանակակիցները հիանում էին Տիեպոլոյի որմնանկարներով և այն զգացողություններով, որոնք արթնանում էին դրանց դիտելիս: Նա իր կերպարներին տվել է մեծ զգացմունքայնություն և տարբեր բնավորության գծեր է ընդգծել այդ նկարներում:

Տիեպոլոյի արվեստում հայտնվում է նոր, դարի իդեալ հասկացությունը` ալեգորիան: <<Վենեցիան ընդունում է Նեպտունի բարիքները>>(1745-1750) պանոնում պատկերված է սպիտակամազ վենետիկուհի, որն ընդունում է ծովի աստծո ընծաները: Իսկ այն տեսարանը, որ պատկերում էր ծովը, իսկ կողքին առյուծը, հանդիսանում է Սուրբ Մարկի սիմվոլը:

Վենետիկյան Լաբիա ապարանքը զարդարված է 1745 թվականին նրա ավարտած որմնանկարներով` <<Անտոնիոսի և Կլեոպատրիայի խնջույքը>>, <<Անտոնիոսի և Կլեոպատրիայի հանդիպումը>>, որոնք հիշեցնում են գունեղ թատերական տեսարան: Իրական ճարտարապետությունն այստեղ զուգակցվում է երևակայական նկարվածի հետ, ինտերիերի իրական տարածությունն ասես շարունակվում է հերոսների հանդիպման և խնջույքի տեսարաններում: Պայծառ գույների ցնցող ներդաշնակությունը  շեշտվում է հագեցած վառ կարմիր, նարնջագույն, կապտավուն-սև երանգներ օգտագործելու միջոցով: Սենյակի պատերը տեղաշարժված էին տեսիլքային պատկերներով, ճարտարապետական էլեմենտներով: Այդ կերպով նկարչի կողմից ստեղծվել է բազմաբնույթ միջոցներ` շինծու հորիզոններ, ֆիկտիվ տարածություն` ինտերիերի և էքստերիերի համար:

Տիեպոլոյի գեղանկարչական մեթոդին, որին հատուկ է սուր միտքը, հանդիսանում են մեծ քանակությամբ կենցաղային դետալները և ատրիբուտները: Ծառայողները, զինվորականները, երաժիշտները և ուրիշ կերպարներ լրացնում են սենյակը այնպիսի հարստությամբ, որ դիտողը անկախ իր կամքից սկսում է կասկածել, որ այդ ծառան հնարավոր է, որ իրական պալատի ծառայողն է:

Արդեն 1750-ական թվականներից վենետիկցի գեղանկարիչը ձեռք է բերում համաեվրոպական ճանաչում:  Այս շրջանին են պատկանում նրա ամենալավ որմնանկարները, որոնք առանձնանում էին խնջույքային հագեցվածությամբ, փայլող գունաշարով, տոնական շքեղությամբ` կերտված նուրբ արծաթագույն, կարմրավուն, ոսկե-դեղնավուն, շագանակագույն և կապույտ գուներանգներով:

1750-ական թվականներից Տիեպոլոն աշխատում է Իտալիայից դուրս: Նույն թվականին Տիեպոլոն Ֆրանկոնիի (ներկայիս Բավարիայի տարածքը) արքեպիսկոպոս Գրեյֆենկլաուի կողմից հրավեր է ստանում, որպեսզի իր որմնանկարներով զարդարի կառավարական սենյակը: Այդ ամենն իրագործելուն օգնել են նկարչի տղաները` 24 տարեկան Դոմինիկը և 14 տարեկան Լորենցո Տիեպոլոները: Տիեպոլոն ալեգորիկ պատկերներով փառաբանում է ֆրանկոնիի թագավորությունը: Տարբեր տեսարանային պատմություններում առասպելն ու իրականությունը համախմբվում են, որոնք իր պատկերացումներում հրաշք ներկայացում են ստեղծում` ապշեցնելով լուսային և գուներանգային համադրություններով: Որմնանկարի դեկորատիվ մասը պատկերված է առաստաղին, որտեղ ներկայացված են ալեգորիկ ֆիգուրա <<Կայսրության գիտունիկը>>, որի մոտ Ապոլոնը մոտեցնում է բուրգունդական հարսնացուին, և սենյակի երկու կողմերում երկու պատմական տեսարաններ` Ֆրիդրիխ Բարբարոսայի  գործունեությանը վերաբերող սյուժեներով: Դրանցից մեկը  <<Կայսեր Ֆրիդրիխի և բուրգունդական Բեատրիսի հարսանիքն է>>:

Արքեպիսկոպոսը սենյակի դեկորատիվության համար գոհ է մնում և 1752 թվականին հրավիրում է նկարչին` կերտելու քանդակազարդ առաստաղ: Վյուրցբուրգի հանդիսությունների սրահի աստիճանների վերևի մասում, մոտ 650 քառակուսի մետր տարածության մեջ նկարիչը տեղավորել է <<Օլիմպոսը և չորս օլիմպիական աստվածները>> կոմպոզիցիան:

Անսովոր թեթևությամբ և վիրտուոզ վարպետությամբ էր Տիեպոլոն ստեղծում հսկա կոմպոզիցիաները, որոնք զարդարում էին եկեղեցիների և պալատների առաստաղները: Ամենաբարդ և բազմազան ռակուրսներով էր նա ստեղծում թռչող հրեշտակների կամ ամպերում սավառնող անտիկ աստվածների ու հերոսների պատկերները: Մարդկանց խմբերն իրարից անջատում էր յուրահատուկ ընդհատումներով, դրանք լցնում օդային տարածությամբ` ստեղծելով յուրահատուկ թեթևություն:

Ահա այս ամենը կարծես առկա էր այս որմնանկարում: Օլիմպիական աստվածները գտնվում են կենտրոնում, նուրբ կապտավուն ֆոնի մեջ, կարծես թռչում են անվերջանալի տարածության մեջ: Ալեգորիկ կերպարներում մեծ է երևակայությունը: Նրանք տարբեր ռասսայի և կրոնի են պատկանում: Բավականին էկզոտիկ ատրիբուտներ և հագուստներ են կրում` ստեղծելով յուրահատուկ կոլորիտ: Այստեղ Ամերիկան ներկայացված է գեղեցկուհի հնդկուհու տեսքով, որը նստած է կոկորդիլոսի վրա և գոտկատեղից վերև կիսամերկ է: Նա խորհրդանշում է դաժան աշխարհը: Հնդկուհին նույնպես շրջապատված է այդպիսի դաժան արարածներով և զինված է նետ ու աղեղով: Նրա վրա կռացած ֆիգուրը խորհրդանշում է հարստություն, որը մեծ արժեք ունի եվրոպացիների համար: Մարդաշատ մոլորակը ներկայացված է մաքու կապույտ տարածությամբ, որը անծայրություն է խորհրդանշում: Կոմպոզիցիան` իր մեծ մասշտաբով, կառուցված է հաշվարկով, որպեսզի այցելուները, աստիճանների տարբեր կողմերց բարձրանալով, այլ կերպ դիտեն այն, քանի որ ամեն կողմից նկարը տարբեր ձև է ընկալվում:

Գերմանիայում նկարիչը կերտել է մի շարք հիասքանչ հաստոցային ստեղծագործություններ, որտեղ ժանրը հանդես էր եկել որպես կերպարի զարդը: Դրանցում կերպարները ապշեցուցիչ վառ կերպով էին արտահայտված: Ստեղծել է նաև մի շարք դիմանկարներ: Սակայն այս ժանրը քիչ էր հետաքրքրում և գրավում Տիեպոլոյին, քանի որ նա սիրում էր իր ժամանակակիցներին նկարել որմնանկարներում: Հիանալի է արված <<Դոլֆինի ընտանիքից դատախազի և ծովի կապիտանի դիմանկարը>>: Տոնական տեսակի դիմանկար է սա: Գտնվում է Վենեցիայում, Կվերինի-Ստամպալիայի պատկերասրահում: Այն մոտ 1745 թվականին է ստեղծել:

1757 թվականին Տիեպոլոն` իր որդի Ջան ԴոմինիկոՏիեպոլոյի հետ հրավիրվել էին Վինչենցա, որպեսզի զարդարեին Վալմառան: Տիեպոլոն նկարել է առաջին հարկի չորս սենյակների որմնանկարները, որոնց թեմաները հետևյալն էին` <<Իլիադի>>-Գոմերա, <<Էնեիդի>>-Վերգիլյա, <<Երուսաղեմի ազատագրումը>>-Տասսո, <<Ռոլանդ>>-Արիոստո ,  իսկ Դոմինիկոն հյուրասենյակի հատվածն է կատարել:

Ուրախ ժանրային տեսարաններում Դոմինիկոն կերտել է քրիստոնյաներին և վաճառականներին, որոնց  կոնտրաստի մեջ էր դրել` հարգարժան տրագեդիայի տեսարաններով, որն իր աշխատանքներում օգտագործել է Տիեպոլոն:

Տիեպոլոն դրվագներում անտիկ կյանքի հերոսներին է պատկերել` զինվորների, գուշակուհիների և այլն, որոնք կարծես շարժման մեջ են դնում սենյակի տարածությունը: Տիեպոլոն ներկայացրեց աստվածների և հերոսների արկածները` թատերային տրավեստով(այլ սեռի զգեստ հագնող):

1762-1767 թվականներին Տիեպոլոն տնօրինում էր Մադրիդում, որովհետև 1762 թվականին նրան այստեղ է հրավիրում Իսպանիայի Կառլ lll թագավորը, որպեսզի զարդարի թագավորական պալատը: <<Իսպանիայի փառքը>> կոմպոզիցիան, որը Վենեցիայում նկարիչը արդեն ճեպանկարել էր, պետք է փառաբաներ իսպանական ազգությունը, որը 16-17-րդ դարերում դարձել էր եվրոպական առաջատար երկրներից մեկը:

Չնայած բազմաշար կերպարներին և իրենց նշանակությանը, շնորհիվ մեծ, բաց երկնային տարածությանը, այս աշխատանքը Տիեպոլոյի մոտ ստացվեց ամենալուսավորը` իր ստեղծագործությունների մեջ: Գահադահլիճի դեկորացիան ավարտվել է 1764 թվականին: Թագավորը, գոհ մնալով նկարչի աշխատանքից, կարգադրում է նրան նկարազարդել պալատական մի քանի ուրիշ սենյակներ:

Հենց Մադրիդում էլ նկարիչը անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Տիեպոլոն մահանում է մարտի 27-ին, 1770 թվականին:

Գեղանկարչության մեջ որմնանկարչությունը համարվում է ամենաբարդ ձևերից մեկը: Մեծամասշտաբ տարածքները պահանջում են կատարել նախնական աշխատանքներ և ճշգրիտ երկրաչափական հաշվարկներ: Շատ դժվար է նաև պատկերացնել, թե դիտողը տարբեր դիտակետերից ինչպես կընկալի նկարը:

Այն թեթևությունն ու ազատությունը, որով Տիեպոլոն կառուցում էր իր որմնանկարների կոմպոզիցիաները, մինչ այժմ զարմացնում են թե’ դիտողին, թե’ նկարչին: Դա ազատություն էր, որով նա ընտրում էր իր կոմպոզիցիաները, գուներանգը, տեղադրում ֆիգուրները, հաղորդում նրանց դինամիզմ, ակցենտավորում որոշակի դետալներ:

Արվեստի ազատության զգացումը, մեծ նկարչական հնարները միշտ էլ առկա են եղել իր աշխատանքներում:

Իտալիայի լուսաբանական դարաշրջանում Տիեպոլոն մինչ իր կյանքի վերջ ներկայացրել է թատերային և էքսպրեսիվ պատկերներ: Նա դարձավ Սուրբ Մարկի հանրապետության վերջին խոշոր նկարիչը:

Իր արվեստը ծնվում և գալիս էր 16-րդ դարի վենետիկյան կուլտուրայից և միշտ ասոցացվում էր ժամանակակիցների համար որպես Վենետիկի կերպար, մի տարածք երկրագնդում, որտեղ մարդը ունակ է երջանիկ լինելու առօրյա կյանքի հոգսերից: Կոլորիտի կարողությունը և անթերի առանձնահատուկ արվեստի իմացությունը նրան թույլ էին տալիս իր ժամանակակիցների մեջ առաջնորդ լինել և դառնալ 18-րդ դարի Իտալիայի գեղանկարչության ամենամեծ վարպետը:

Տիեպոլոյի ստեղծագործությունները` որմնանկարներն ու նկարները, իրենց գլխապտույտ առաջացնող դինամիկայով և գեղանկարչական ազատությամբ , իդեալականացված լուսաօդային էֆեկտներով , թեթև և թափանցիկ ներկերով, անսպասելի տեսողական կետերով և ռակուրսներով, պատկանում են համաշխարհային մոնումենտալ-դեկորատիվ արվեստի գլուխգործոցների շարքին:

Տիեպոլոյի արվեստը շարունակում էր վենետիկյան գեղանկարչության մեծ ավանդույթները: Սակայն միայն 20-րդ դարում է նա վերստին ստանում է այն ճանաչումը, որին արժանի էր:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ`

  1. Կուզմինա Մ.Տ., Մալցեվա Ն.Լ. Արտասահմանյան արվեստի պատմություն. Դասագիրք/. Թարգմանությոն`Մ.Գ. Երզնկյան. Երևան, Զանգակ-97, 2003, 476 էջ:
  1. http//letopisi.ru
  2. http//smallbay.ru
  3. http//greekroman.ru
  4. http//artclassik.edu.ru
  5. http://www.bibliotekar.ru
  6. http://www.piplz.ru
  7. http://www.krugosvet.ru

Оставьте комментарий

Filed under կերպարվեստի պատմություն, Բարոկկո, Իտալիա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s